Բա որ չեն ասում.
«Ի՞նչ է, ժողովուրդը հո չի՞ կարող անընդհատ ՍԳԻ ու ՍԹՐԵՍԻ մեջ լինիել...»:
Տակնուվրա եմ լինում էս կարգի արտահայտություններից:
Էս դեպքում դա կոնկրետ ասվում է՝ արդարացնելու համար Գյումրվա կենտրոնում Թաթայի համերգը կամ, իմ ընկալմամբ՝ Թաթայի ներգրավմամբ սատանայավայել խրախճատժժոցը:
Բայց վերադառնամ «ժողովուրդը հո չի՞ կարող անընդհատ ՍԳԻ մեջ լինել...»-ուն:
Շատ կներեք, էլի, դուք այդ որտե՞ղ եք «սգավոր ժողովուրդ» տեսել:
Էդ ե՞րբ է ժողովուրդը սգի մեջ եղել:
Ե՞րբ:
Կորոնայից հազարավոր մարդիկ մահացան:
Դուք սուգ տեսե՞լ եք:
Պատերազմում հազարավոր զոհեր տվեցինք, «Եռաբլուրը» վերածվել է եռագույն դրոշներով ողողված սարահարթի:
Դուք սուգ տեսե՞լ եք:
Կյանքում չեմ մոռանա 2021 թվականի հունվարի 1-ի առաջին րոպեները. «Եռաբլուրում» զոհվածների ծնողներ, հարազատներ, պարզապես այս կորուստն իրենցը համարող նորմալ հայ մարդիկ ու... քիչ հեռվում խրախճանք, ամանորյա հրավառություն, տաշի-տուշի...
Կորուստնե՜ր… կորուստնե՜ր… կորուստնե՜ր… որոնք ունեն մեկ խորհրդանշ ու գլխավոր մեղավոր՝ նիկոլ փաշինյան:
Երբևէ տեսած կա՞ք, որ ինքը կամ իրեն լպստող ողորմելիները սգան կամ տխրեն:
ՈՒ մի՛ խաչեք Թաթային:
Խի՞ նիկոլի ու աննայի մեղքով զավակ կորցնելը, բայց նիկոլին ու աննային քծնելը նորմա՞լ է, Թաթայի՝ Գյումրվա կենտրոնում տրնգի պարե՞լն է աննորմալ:
Իմ ընկալմամբ՝ երկուսն էլ աննորմալություն են: Դո՛ւրս են նորմալության շրջանակներից:
Կարճ ասած՝ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել. ոչ մի «սգացող ժողովուրդ» էլ չկա՛:
Կան անզգա ու անզգամ ինչ-որ մարդիկ, կան բացարձակապես ամեն ինչի՝ իրենց երեխաների, իրենց ընտանիքի, իրենց ազգի, իրենց ապագայի, իրենք իրենց վրա խորապես թքած ունեցող ստամոքսամիտ ու ստամոքսապաշտ հազարավորներ՝ անհայրենիք, անպատասխանատու, նաև՝ անզգամ ու անսիրտ արարածներ: Նրանց համար միևնույն է, թե իրենք որտեղ կապրեն, միայն թե իրենց ավտոն չխազվի, իրենց փորը կուշտ լինի, թուրքական քրջուփալաս հագնեն:
Թե բա՝ «սգացող ժողովուրդ»: Լու՞րջ...
Արցախը, որ Հայաստանի ապահովության ու հարաբերականորեն խաղաղ կյանքի երաշխիքն էր, առանց «օ՜ֆ» քաշելու, տվեցին թուրքին... Դուք որևէ տեղ սուգ տեսա՞ք: Դուք դրանից բորբոքված հարյուրհազարավորներ տեսա՞ք:
Տավուշը նիկոլը և իր ՔՊ-ն գործնականում նվիրեցին թուրքին, Կիրանցի, Ոսկեպարի, շրջակա բնակավայրերի հայաթափումը ամիսների հարց է (լավագույն դեպքում): Դուք որտե՞ղ եք դրանից իրենց կորցրած մարդկանց տեսել:
Կամ մեկ այլ բան. էդ ո՞նց է լինում, որ Սարյանի վրա «գինու փառատոնն» «օ-քե՜յ» է, իսկ Գյումրվա կենտրոնում Թաթայի համերգը՝ «քը՜խ»:
Չէ, լուրջ: Էդ «գինու փառատոնին» գնալը նորմա՞լ է: Իմ ընկալմամբ՝ հենց էդ «փառատոնն» ու մեր վիճակում ցանկացած «փառատոնություն» համերգ, ծափ-ծիծաղ աննորմալություն է, մարդկանց ու հասարակության հիվանդացածության և անհամարժեքության արտահայտություն:
Թե բա՝ մարդիկ չեն կարող անընդհատ սթրեսի մեջ լինել:
Լու՞րջ:
Էս 6 տարի ամենօրյա ռեժիմով սթրես է ու սթրես:
Ավերածություններ, զոհեր, կորուստներ, աղետներ...
Հա, բայց կարևորը հանկարծ համերգները, ոսկե ծիրանները, չգիտեմ, թե էլ ինչ «տժժիկները» փուստ չտան, այսինքն՝ բաց չթողնեն:
Իսկ Արցա՜խը...
Արցախն, ի՞նչ: Խի ո՞վ չգիտի, որ Արցախը հլա Արտաշես Առաջինն է տված եղել, պըռոստը միամիտ, հարիֆ նիկոլի ջեբը գցեցին:
Ո՞վ չգիտի, որ «էդ հողերը առաջ թուրքինն են էղե...»:
«Խի դուք գիտեք նիկո՞լն է Արցախը թուրքին տվել, իյա՜... այ մարդ, անունով էլ համալսարանավարտ ես, էդ խելքի՞ն ես, Արցախը ռուսն ա թուրքին տվել, էս խեղճ հարիֆն ո՞վ ա, որ նման հարցեր որոշի...»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ